«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի կլինիկան մասնակցել է Վիեննայում կայացած ամենամյա «Միացյալ Եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթ»-ին (UEG Week)։
Ոլորտի ամենամեծ եվրոպական գիտաժողովին մասնակցում էին թե համալսարանական բժիշկները (Սոֆյա Գրիգորյանը, Իսկուհի Նավոյանը, Անուշ Ղարաբաղցյանը, Էդմոնդ Բաղդասարյանը, Լիլիթ Հարությունյանը, Աստղիկ Աբրահամյանը և Մանիկ Գեմիլյանը), թե ներկայումս սովորող և այս տարի ավարտած կլինիկական օրդինատորները (Եվա Մանուչարյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Գոհար Սարոյանը, Իննա Երեմյանը և Անահիտ Դաշտոյանը)։
Միքայելյանական թիմի բժիշկների և կլինիկական օրդինատորների գիտական աշխատանքների արդյունքները գիտաժողովին ներկայացված էին 4 պոստերային զեկույցներով, որոնցից մեկը՝ Սոֆյա Գրիգորյանի և Իսկուհի Նավոյանի կողմից նախաձեռնած գիտական հետազոտության տվյալների ամփոփումը, ներկայացվեց նաև բանավոր և արժանացավ UEG National Scholar Award մրցանակին։
Հայաստանի պատվիրակության ակտիվ մասնակցությունը միջազգային հեղինակավոր գիտաժողովին կապերի ամրապնդման, նոր համագործակցության հնարավորություններ է ստեղծել, ինչի շնորհիվ մեր երիտասարդ մասնագետներից մի քանիսը մասնագիտական վերապատրաստում են անցել Եվրոպայի առաջատար
կենտրոններում, իսկ ոմանք առանց մասնակցության վճարի մասնակցել են գիտաժողովին։ Լիլիթ Հարությունյանը, ով նաև UEG Երիտասարդ տաղանդների խմբի գործընկերն է Հայաստանում, շահել էր գիտաժողովին մասնակցելու միջազգային կրթաթոշակը։
Համալսարանական բժիշկներից՝ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի քարտուղար Սոֆյա Գրիգորյանը և նախագահ Մանիկ Գեմիլյանը մասնակցել են UEG անդամների ժողովին, Ազգային ասոցիացիաների ֆորումի և Կրթական կոմիտեի նիստերին, իրենց ներդրումն ունենալով UEG գործունեության և մարտավարության հետագա պլանավորման գործում։
.png)